Ազգային ժողովի աշխատակազմի եւ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հետ իրականացվող հերթական ծրագրի մասնակիցներն ԱԺ մշտական հանձնաժողովների փորձագետներն են: Ազգային ժողովը մշտապես կարեւորել է աշխատակիցների կարողությունների եւ գիտելիքների զարգացումը: Համագործակցելով միջազգային գործընկերների հետ՝ ստեղծվել է լավագույն միջազգային փորձի ու հմտությունների փոխանցման ինքնատիպ հարթակ. այս մասին ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը:
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների մի խումբ փորձագետներ մասնակցել են «ԱԺ հանձնաժողովների հաղորդակցության դպրոց» ծրագրի երկրորդ փուլին, որը տեղի է ունեցել 2022 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
Ծրագիրն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:
Դասընթացի նպատակն է հանձնաժողովների փորձագետներին թվային մեդիայի ոլորտում զինել գիտելիքներով, օգտագործել սոցիալական մեդիայի, այդ թվում՝ սոցիալական կայքերի հնարավորությունները հանձնաժողովների գործունեությունները հանրայնացնելու, հասարակության հետ կապը նաեւ այդ հարթակներում ապահովելու համար:
Երկփուլ դասընթացները հաջողությամբ ավարտելու կապակցությամբ դեկտեմբերի 14-ին Վահան Նարիբեկյանը հավաստագրեր է հանձնել ԱԺ հանձնաժողովների փորձագետներին:
Դասընթացին մասնակցած փորձագետների խոսքով հիմնարար գիտելիքներ են ստացել հանձնաժողովների աշխատանքների վերաբերյալ լրատվամիջոցներին տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում այն ներկայացնելու վերաբերյալ: Դասընթացի ընթացքում ներկայացվել են կիբեռանվտանգության, տեղեկատվության անվտանգության ապահովմանն ուղղված գործուն քայլերը. մասնակիցները գործնականում ծանոթացել են ինտերնետային թրոլինգի հաղթահարմանը, հաղորդակցության մոտեցումների տեսակներին: Վահան Նարիբեկյանը շնորհակալություն է հայտնել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) գործընկերներին հերթական հաջողված նախաձեռնությունն ավարտելու համար՝ հույս հայտնելով, որ այս համագործակցությունը երկար կյանք եւ էլ ավելի մեծ հաջողությունների պատմություն կունենա: